Ողբերգական ավտովթար՝ Գեղարքունիքում․ 2 մարդ մահացել է, 7 մարդ հոսպիտալացվել է
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Նախօրեին երեկոյան ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքում, հաղորդում է Փրկարար ծառայությունը։
Ժամը 18։27-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գեղամասար-Արեգունի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է, կան զոհեր և տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտամիջյան հատվածում (մոտ 10 մ)․ ուղևորներից երկուսը մահացել են։
Ավտոմեքենայի վարորդը և վեց ուղևոր հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և հերթապահել մինչ գազի բալոնի պարպվելը։

