Վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. 24-ամյա երիտասարդը «որովայնի և կրծքավանդակի ծակած-կտրած վերքեր» ախտորոշմամբ հոսպիտալացվել է
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբեր․/Նովոստի-Արմենիա/. Գեղարքունիքի մարզի ոստիկանները բացահայտել են հոկտեմբերի 9-ին տեղի ունեցած դանակահարության դեպքը։
Ինչպես հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը, այդ օրը «Գավառ» բժշկական կենտրոնից հայտնել էին, որ ժամը 23-ի սահմաններում «որովայնի և կրծքավանդակի ծակած-կտրած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Գավառ քաղաքի Արծրունի եղբայրների փողոցի բնակիչ 24-ամյա մի երիտասարդ:
Նրա վիճակը բժիշկները գնահատել էին ծանր: Գեղարքունիքի քրեական և Գավառի համայնքային ոստիկաններին տուժածը հայտնել էր, թե վնասվածքը ստացել է ձիուց երկաթների վրա ընկնելու հետևանքով, ինչը, սակայն, իրավապահներին հավատ չէր ներշնչել:
Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել էր քրեական վարույթ:
Այնուհետև Ոստիկանությունը պարզում է, որ 24-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքը ստացել է Գավառ քաղաքի Բոշնաղյան փողոցում, որտեղ ծագած վիճաբանության ժամանակ նրան դանակահարել է Անդրանիկի փողոցի բնակիչ 27-ամյա տղամարդը:
Հոկտեմբերի 10-ին նրա նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում:
Հետագա միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 14-ին Գեղարքունիքի քրեական ոստիկանները դանակահարողին հայտնաբերել են Սևան քաղաքի Աբովյան փողոցում և ձերբակալեցին։
Դատարանի որոշմամբ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը։
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

