Վիճաբանություն և սպանության փորձ՝ Փոքր Վեդիում․ 26–ամյա երիտասարդը հետախուզվում է

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ 2024թ. օգոստոսի 4–ին ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը ժամը 17:20-ին, «կրծքավանդակի ծակած վերք հարցականով» ախտորոշմամբ «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել 32–ամյա տղամարդ, հաղորդում է ՀՀ ՔԿ–ն։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասի (սպանության փորձ) և 334-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Նախաքննության ընթացքում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2024 թվականի օգոստոսի 4-ին՝ ժամը 00:30-ի սահմաններում, Արարատի մարզի 32–ամյա բնակիչը, մորաքրոջ որդու ծննդյան տարեդարձի կապակցությամբ, գտնվել է Փոքր Վեդի բնակավայրում գործող գարեջրատանը, որտեղ վիճաբանություն է առաջացել մի կողմից նրա և իր մտերիմների, մյուս կողմից՝ 32–ամյա տղամարդու ծանոթների միջև։
Այնուհետև, հիշյալ ծանոթներից մեկի կանչով, մի քանի անձանց հետ գարեջրատուն է գնացել նույն մարզի 26–ամյա բնակիչը, ով տեղյակ լինելով, որ գնում է վիճաբանության վայր, իր մերձավորին նեղացնողներին զենքով պատժելու վճռականությամբ, բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով իրավական և բարոյական նորմերի նկատմամբ, իր անձի առավելությունը մյուսների նկատմամբ ընդգծելու նպատակով, սկսել է վիճաբանել 32–ամյա տղամարդու և նրա բարեկամների հետ։
Վիճաբանության ընթացքում 26–ամյա երիտասարդը, իր գործողություններն առավել վտանգավոր դարձնելով ներկաների համար, 32–ամյա տղամարդուն ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իր կրած ապօրինի զենքից՝ օդաճնշիճ ատրճանակից, մեկ անգամ կրակել է վերջինիս մարմնի կրծքավանդակի հատվածին, որի հետևանքով 32–ամյա տղամարդը վայր է ընկել, իսկ 26–ամյա երիտասարդն իր հետ խմբի կազմում գործած մյուս անձանց հետ հեռացել է դեպքի վայրից:
Վերջինս, իր կամքից անկախ հանգամանքներով պայմանավորված, չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել․ 32–ամյա տղամարդը տեղափոխվել է «Էրեբունի բժշկական կենտրոն» ՓԲԸ, որտեղ բուժաշխատողների միջամտությամբ հնարավոր է եղել փրկել նրա կյանքը։
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ 26–ամյա երիտասարդի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 297–րդ հոդվածի 3–րդ մասով (խուլիգանությունը), 44–155–րդ հոդվածի 1–ին մասով (սպանության փորձ) և 334–րդ հոդվածի 1–ին մասով (ապօրինի կերպով քաղաքացիական ողորկափող հրազեն, գազային, օդաճնշիչ, սառը կամ նետողական զենք կրելը) հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը բավարարվել է:
Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը ևս բավարարվել է, և 26–ամյա երիտասարդի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։
Ոստիկանությանը հանձնարարություն է տրվել 26-ամյա երիտասարդին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու վերաբերյալ։
Նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. hանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: