Վարորդն ու ուղևորը հոսպիտալացվել են Երևանի կենդանաբանական այգու մոտ տեղի ունեցած վթարի հետևանքով
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ Այսօր գիշերը ավտովթար է տեղի ունեցել Երևանի կենդանաբանական այգու մոտակայքում։
Ինչպես հայտնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը, ժամը 00:39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում՝ կենդանաբանական այգու մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արգելապատնեշին։
Վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:

