Տեղի ունեցածը փետրվարյան դեպքերի շարունակությունն է, երբ սպանվել էր այս գործով ձերբակալվածի հարազատ եղբայրը. ՆԳՆ խոսնակ

27.09.2025, 14:19
Մարզում միջանձնային կոնկրետ հարաբերությունների հետ կապված խնդիր բարձրաձայնվել է ՆԳՆ նախարարի կողմից և դրան հետևել են պաշտոնանկություններ ու  նոր նշանակումներ, ասել է Նարեկ Սարգսյանը
Տեղի ունեցածը փետրվարյան դեպքերի շարունակությունն է, երբ սպանվել էր այս գործով ձերբակալվածի հարազատ եղբայրը. ՆԳՆ խոսնակ

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբեր․/Նովոստի-Արմենիա/. Մարզում միջանձնային կոնկրետ հարաբերությունների հետ կապված խնդիր բարձրաձայնվել է ներքին գործերի նախարարի կողմից և դրան հետևել են պաշտոնանկություններ ու նոր նշանակումներ, այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում Մերձավանում կատարված դեպքի առնչությամբ ասաց ՆԳՆ մամուլի քարտուղար՝ Նարեկ Սարգսյանը։

«Ներքին գործերի նախարարը մտահոգություն է հայտնել միջանձնային լարված հարաբերությունների շուրջ Արմավիրի մարզում տեղի ունեցած սպանության կապակցությամբ, որի ամփոփումից հետո բառացիորեն օրեր առաջ սեպտեմբերի սկզբին ծառայությունից ազատվել է մարզի պարեկային ծառայության գումարտակի հրամանատարը, ինչպես նաև՝ համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետը»,-ասաց Սարգսյանը։

Լրագրողների հարցին առ այն, թե հանցագործություն կատարած անձն ըստ տեսախցիկների արձանագրած տվյալների, ու՞ր է գնացել, ի՞նչ է արել, Նարեկ Սարգսյանն ասաց, որ նախաքննության շահերից ելնելով չի կարող պատասխանել որոշ հարցերի։

Թե ինչու փետրվարյան դեպքից հետո մարզը ոստիկանության ուշադրության կենտրոնում չի եղել հարցին ի պատասխան, Նարեկ Սարգսյանն ասաց, որ եղել են շրջիկ ծառայություններ։

«Կանխարգելիչ գործողությունները միայն հենակետեր տեղադրելը չէ։ Տասնյակ անգամներից ավելի ինֆորմացիաներ ենք ունեցել, որ ինչ-որ հատվածում պետք է հավաքվեն միջանձնային հարցերի շուրջ պարզաբանումներ անելու համար։ Տեղում հայտնաբերել և ներկայացրել ենք տվյալ անձին բաժին։ Ինչ վերաբերում է Մերձավանում ոստիկանական ծառայության մասին, ապա պետք է նշեմ, որ եղել են շրջիկ ծառայություններ»,-ասաց նա։

Նա վսահեցրեց, որ եթե պարզվի, որ օբյեկտիվորեն ոստիկանության այն ծառայողները, որոնք հնարավորություն են ունեցել կանխել Մերձավանի դեպքը, սակայն չի կանխվել, պատասխանատվություն են կրելու։

Մանրամասնելով դեպքի հանգամանքները՝ Սարգսյանը նշեց, որ, ըստ էության Մերձավանի սպանությունը փետրվարյան դեպքի շարունակությունն է։

«Փետրվարի հինգին Մերձավան համայնքում մի խումբ անձանց միջև միջադեպ է տեղի ունեցել, հնչել էին կրակոցներ։ Ըստ քննության արդյունքների, միջադեպը եղել էր մեքենան արագ վարելու ինչպես նաև չբարևելու հարցի շուրջ ծագած վեճի պատճառով։

Դրանից հետո կրակոցների հետևանքով Գրիգոր Օհանյանը կրծքավանդակի շրջանում ստացել էր հրազենային վնասվածք և մահացել էր։ Նախաձեռնվել էր քրեական վարույթ իրավապահները բացահայտել էին այս դեպքը տասնյակից ավելի անձանց մեղադրանքներ էին առաջադրվել, կային ձերբակալվածներ և կալանավորվածներ։ Ըստ էության սա փետրվարյան իրադարձության շարունակությունն է միջանձնային հարաբերությունների կոնֆլիկտի տրամաբանության մեջ, իսկ այս վերջին՝ սեպտեմբերի 23-ի դեպքով սպանվել է փետրվարյան դեպքով անցնող մեղադրյալներից մեկի հարազատ եղբայրը»,-ասաց Նարեկ Սարգսյանը։

Նշենք, որ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել, որի հետևանքով երկու անձ մահացել է․։ Մահացածներից մեկը Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է։