Տեղեկություն է տարածվել, որ Մխչյանի դպրոցում բարձր դասարանցիները կապել են 4–րդ դասարանի աշակերտների և թմրանյութ տվել․ ՔԿ–ից մեկնաբանել են

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ ԶԼՄ-ներում լուրեր էին տարածվել, որ օրեր առաջ Արարատի մարզի Մխչյան գյուղի Քրիստափոր Ալավերդյանի անվան դպրոցում բարձր դասարանների մի քանի տղաներ դպրոցի զուգարանում կապկպել են 4-րդ դասարանի երկու աշակերտի և ստիպողաբար թմրանյութ տվել, որից հետո երեխաների մոտ կախվածություն է առաջացել, նրանք սկսել են տնից գումար գողանալ՝ կրկին նույն աշակերտներից թմրանյութ գնելու նպատակով։
Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը «Նովոստի–Արմենիա»–ի հետ զրույցում նշեց, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։
«Քրեական վարույթ է նախաձեռնվել քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 5-րդ, 8-րդ կետերով (շորթումը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ անօգնական վիճակում գտնվողի նկատմամբ, անչափահասի նկատմամբ): 4 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 5-րդ, 8-րդ կետերով: 2-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է դաստիրակչական հսկողություն և վարչական հսկողություն, 1-ի նկատմամբ՝ տնային կալանք և բացակայելու արգելք, 1 անձի վերաբերյալ կա ձերբակալման որոշում», – նշեց Ավդալյանը։
Նա ընդգծեց, որ փորձաքննության պատասխանից է կախված՝ դա եղել է թմրանյութ, թե ոչ։