Ծափաթաղում մահացած գտնված 3-ամյա երեխայի մարմնի, գլխի շրջանում հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ. մեկ անձ ձերբակալվել է. ՔԿ

03.11.2025, 14:12
Դիակի մարմնի, գլխի շրջանում հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ, մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, հայտնել է ՔԿ-ն  
Ծափաթաղում մահացած գտնված 3-ամյա երեխայի մարմնի, գլխի շրջանում հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ. մեկ անձ ձերբակալվել է. ՔԿ

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբեր․/Նովոստի-Արմենիա/. Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ բնակավայրում հոկտեմբերի 27–ից որոնում էին 3–ամյա Տիգրանին։ Քննչական կոմիտեն սպանության հոդվածով քրեական վարույթ էր նախաձեռնել:

Նախօրեին հայտնաբերվել էր Ծափաթաղում որպես անհետ կորած որոնվող 3–ամյա Տիգրանի մարմինը։

Այսօր Քննչական կոմիտեն դեպքի առթիվ հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է.

«Ծափաթաղում անհետացած 3-ամյա երեխայի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարվել է դիակի արտաքին զննություն: Դիակի մարմնի, գլխի շրջանում հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ: Նախաքննության ընթացքում նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ և 9-րդ կետերով (սպանությունը): Վերջինս ձերբակալվել է»,-նշվում է հաղորդագրության մեջ։