Ծափաթաղում 3-ամյա երեխայի մահը վրա է հասել նրա պարանոցի օրգանների բութ առարկաներով սեղմման հետևանքով. ՔԿ-ն մանրամասներ է ներկայացրել

17.12.2025, 13:23
Ավարտվել է Ծափաթաղում 3-ամյա  երեխայի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ծափաթաղում 3-ամյա երեխայի մահը վրա է հասել նրա պարանոցի օրգանների բութ առարկաներով սեղմման հետևանքով. ՔԿ-ն մանրամասներ է ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ Ավարտվել է Ծափաթաղում 3-ամյա երեխայի սպանության դեպքի առթիվ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Այս մասին հայտնում է ՀՀ ՔԿ-ն։

«Նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Տ.Օ.-ի հայրը վրեժի շարժառիթով 2025 թվականի հոկտեմբերի 27-ին Ծափաթաղ բնակավայրին հարակից դաշտամիջյան հատվածում ձեռքով կոկորդից սեղմելու եղանակով սպանել է նրան, ապա դիակը դաշտամիջյան տարբեր հատվածներում թաքցնելուց հետո տեղափոխել է Ճամբարակ համայնքի Ջիլ բնակավայր տանող խաչմերուկին հարակից դաշտամիջյան հատված, որտեղ 2025 թվականի նոյեմբերի 2-ին որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում դիակը հայտնաբերվել է», - նշված է հաղորդագրության մեջ:

Քննչական կոմիտեից հայտնում են, որ կատարվել է դիակի արտաքին զննություն, որի ընթացքում Տ.Օ.-ի մարմնի գլխի շրջանում հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ:

Համաձայն դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացության՝ 3-ամյա երեխայի մահը վրա է հասել մեխանիկական շնչահեղձության՝ պարանոցի օրգանների բութ առարկաներով սեղմման հետևանքով:

Ա.Օ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ և 9-րդ կետերով (անօգնական վիճակում գտնվողի, անչափահասի սպանությունը մերձավոր ազգականի կողմից):

Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ բնակավայրում հոկտեմբերի 27–ից որոնում էին 3–ամյա Տիգրանին։ Քննչական կոմիտեն սպանության հոդվածով քրեական վարույթ էր նախաձեռնել:

Նոյեմբերի 2-ին հայտնաբերվել է հոկտեմբերի 27–ից Ծափաթաղում որպես անհետ կորած որոնվող 3–ամյա Տիգրանի մարմինը։

Նոյեմբերի 3-ին ՔԿ-ն դեպքի առթիվ հաղորդագրություն էր տարածել, որում, մասնավորապես, ասվում էր, որ մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ և 9-րդ կետերով (սպանությունը): Այնուհետև նշված անձը ձերբակալվել էր։

Նույն օրը սպանված 3-ամյա Տիգրան Օվանեսովի հոր նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացվել դատարան: