Թաքնվել է զգեստապահարանում. Գյումրիում ոստիկանները հանցանքի վայրում բռնել են նախկինում 6 անգամ դատապարտված տղամարդուն (ՎԻԴԵՈ)
21:11
04 Հունվարի 2023
ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Հունվարի 3-ին ոստիկանության Կումայրիի բաժին էր զանգել մի քաղաքացի և հայտնել, որ միացել է Մյասնիկյան փողոցի տներից մեկի ահազանգի համակարգը, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը:
Դեպքի վայր մեկնեց ոստիկանության Կումայրիի բաժնի օպերատիվ խումբը: Արագ արձագանքի շնորհիվ նրանք կարողացան կանխել գողությունը: Գողը թաքնվել էր զգեստապահարանում, որտեղ էլ նրան հայտնաբերեցին նշված բնակարան մեկնած ոստիկանները:
«Գյումրիի 44-ամյա բնակիչը, բնակարանային գողություն կատարելու կասկածանքով, ձերբակալվեց և տեղափոխվեց ոստիկանության Կումայրիի բաժին: Բաժնում պարզվեց, որ տղամարդը նախկինում 6 անգամ դատապարտված է եղել տարբեր հանցագործություններ կատարելու համար: Ոստիկանները նրա խուզարկությամբ հայտնաբերեցին 3 շղթա և կախազարդ», - նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ: