Շուրջ 11,5 կիլոգրամ թմրամիջոց է հանվել ապօրինի շրջանառությունից. 4 կալանավորվածներից մեկն օտարերկրացի է (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբեր․/Նովոստի-Արմենիա/. Քրեական ոստիկանները ապօրինի շրջանառությունից հանել են շուրջ 11,5 կիլոգրամ թմրամիջոց։
Ըստ ՀՀ ՆԳՆ ոստիկանության տեղեկությունների՝ իրացնելու նպատակով Իրանի Իսլամական Հանրապետությունից մաքսանենգ ճանապարհով մեծ քանակությամբ թմրանյութ էր ներկրվելու Հայաստան: Օպերատիվ տեղեկության իրացմանը մասնակցել են նաև Ազգային անվտանգության ծառայության Սյունիքի ու Շիրակի մարզային վարչությունների, Քննչական կոմիտեի ու Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցներ:
Նշվում է, որ հոկտեմբերի 11-ին ձերբակալվել են մայրաքաղաքի բնակիչներ 43 ու 35 տարեկան տղամարդիկ և 39-ամյա մի օտարերկրացի: 35-ամյա տղամարդու և օտարերկրացու վարած ավտոմեքենաներով հանդերձ նրանք տեղափոխվել են քննչական վարչություն:
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ 35-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել է երեք փաթեթ` ընդհանուր 8 կիլոգրամ 370 գրամ քաշով: Դրանից հինգ կիլոգրամը մեթամֆետամինի, երեք կիլոգրամ 370 գրամը` մարիխուանայի նմանվող զանգվածներ էին: Եվ սա դեռ ամբողջը չէր:
ՆԳՆ-ն շարունակել է օպերատիվ տեղեկության իրացումը և մաքսանենգ ճանապարհով առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ ներկրելու և իրացնելու կասկածանքով ձերբակալել և իր վարած մեքենայով հանդերձ նախաքննական մարմին է տեղափոխվել մայրաքաղաքի բնակիչ 50-ամյա տղամարդ: Արդեն հաջորդ օրը դատարանի որոշմամբ կատարված խուզարկությամբ նրա ավտոմեքենայում հայտնաբերվել է մեթամֆետամինի նմանվող երկու կիլոգրամ հիսուն գրամ զանգվածով փաթեթ: Բոլորն էլ կալանավորվել են:
Հոկտեմբերի 12-ին, դարձյալ դատարանի որոշմամբ, խուզարկություն է կատարվել նաև 39-ամյա օտարերկրացու վարձակալած` Էջմիածնում գտնվող քոթեջում. Հայտնաբերվել են 238 գրամ հերոինի, 144 գրամ ափիոնի և 761 գրամ մարիխուանայի նմանվող զանգվածներ:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

