«Սևան» ՔԿՀ ներնետման միջոցով արգելված իրեր են անցկացրել

09.09.2024, 15:46
Ծառայողները հայտնաբերել են ներնետված փաթեթը, որում առկա են եղել 3 բջջային հեռախոս, 2 USB լար և 2 զույգ անլար ականջակալ
«Սևան» ՔԿՀ ներնետման միջոցով արգելված իրեր են անցկացրել

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Սևան» տարածքային բաժնում ստացվել էին տեղեկություններ այն մասին, որ փորձ է արվելու փաթեթի ներնետման միջոցով «Սևան» քրեակատարողական հիմնարկ արգելված իրեր անցկացնել, հայտնում է Քրեակատարողական ծառայությունը։

Իրացնելով ստացված տեղեկությունները՝ նույն բաժնի ծառայողները հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողների հետ միասին սեպտեմբերի 9-ին իրականացրել են տեղանքի զննություն։ Արդյունքում՝ ժամը 01։40-ի սահմաններում ծառայողները հայտնաբերել են ներնետված փաթեթը, որում առկա են եղել 3 բջջային հեռախոս, 2 USB լար և 2 զույգ անլար ականջակալ։

Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցներ արգելված իրերի պատկանելիությունը բացահայտելու ուղղությամբ։