Սարսափելի ավտովթար՝ Մայիսյան գյուղում․ բախվել է երեք մեքենա, կա զոհ

21.05.2025, 14:06
Մեքենաներից մեկը վերածվել է ջարդոնի, վարորդը տեղում մահացել է
Սարսափելի ավտովթար՝ Մայիսյան գյուղում․ բախվել է երեք մեքենա, կա զոհ

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Մայիսի 20-ին, ժամը 18:53-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մայիսյան գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ, հաղորդում է ՀՀ Փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz C», «Kia» և «Mercedes-Benz E» մակնիշների ավտոմեքենաները․ «Kia» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է:

Ճանապարհը երկկողմանի փակ է: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Mercedes-Benz C» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, «Kia» մակնիշի ավտոմեքենան տեղափոխել ավտոքարշակի վրա, իսկ վարորդի դին մոտեցրել դի տեղափոխող մեքենային և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ: Ճանապարհը երկկողմանի երթևեկելի է։

Shamshyan.com–ի հաղորդմամբ, վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, «Kia»-ն վարել է Գյումրի քաղաքի բնակիչ 32-ամյա Ս․Մ․–ն։