Պայթյուն և փլուզում. փրկարարները փլատակների տակից դուրս են բերել 76-ամյա տանտիրուհուն
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբեր․/Նովոստի-Արմենիա/. Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 07:00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ՓԾ 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վաղարշապատ քաղաքի Մոսկովյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկում տան փլուզում է տեղի ունեցել և փլատակների տակ արգելափակված քաղաքացի կա:
Կայքի տեղեկացմամբ, դեպքի վայր են ժամանել Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզի պարեկները, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Վաղարշապատի բաժնի հերթապահ խումբը:
Պարզվել է, որ պայթյունի հետևանքով փլուզվել է 76-ամյա Թ. Ա.-ին պատկանող տունն ամբողջությամբ:
Փրկարարները, պարեկները, քաղաքացիներն ու «Գազպրոմ Արմենիա», «Տրանսգազ» ընկերության Էջմիածնի ԳԳՄ-ի աշխատակիցները փլատակաների տակից դուրս են բերել Թ. Ա-ին, ում այնուհետև պատգարակով մոտեցրել են շտապօգնությանը և «Էջմիածին» բժշկական կենտրոնի բժիշկներն օգնություն են ցուցաբերել նրան:
Դեպքի մասին ոստիկանության Վաղարշապատի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ ՔԿ-ի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին:
Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
ՆԳՆ Փրկարար ծառայության տեղեկացմամբ, պայթյունը տեղի է ունեցել գազի արտահոսքից։
«Նալբանդյան փողոցի տներից մեկում (մոտ 60 քմ), գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն․ տունը փլուզվել է»,-նշված է ՆԳՆ ՓԾ-ի հաղորդագրության մեջ։

