Պայթել է բեռնատար ավտոմեքենայի գազաբալոնը. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել նախօրեին տեղի ունեցած պայթյունից

12.11.2025, 10:15
Պայթյունի հետևանքով վնասվել են կայանած 3 ավտոմեքենաներ. մեկ տուժած տեղափոխվել է բժշկական կենտրոն  
Պայթել է բեռնատար ավտոմեքենայի գազաբալոնը. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել նախօրեին տեղի ունեցած պայթյունից

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբեր․/Նովոստի-Արմենիա/. Նոյեմբերի 11-ին, ժամը 16։14-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Արմավիր քաղաքի Երևանյան փողոցի վերջնամասում՝ գազալցակայանում, պայթել է բեռնատար ավտոմեքենա։

Դեպքի վայր էր մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայության տեղեկացմամբ պարզվել է, որ պայթել է գազալցակայանում լիցքավորվող «GAZelle» մակնիշի ավտոմեքենայի գազաբալոնը։ Պայթյունի հետևանքով վնասվել են կայանած «VAZ», «Mercedes-Benz» և «BMW» մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ մեկ տուժած տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել «VAZ» և «GAZelle» մակնիշների ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և իրականացրել հերթապահություն մինչ «GAZelle» մակնիշի ավտոմեքենայի մյուս գազաբալոնում եղած գազի պարպվելը: