Պատճառել է 25 հազ․ դոլարի վնաս․ Երևանի հյուրանոցներից մեկում 29–ամյա կինը, գողացել է 22–ամյա երիտասարդի ոսկյա վզնոցն ու բջջայինը
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Նազարբեկյան թաղամասում գործող հյուրանոցային համալիրում Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղի 29-ամյա բնակչուհին գողացել է Կոտայքի մարզի Զովունի գյուղի բնակիչ 22-ամյա երիտասարդի բջջային հեռախոսը և ոսկյա վզնոցը՝ խաչով, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը
Նոյեմբերի 12-ին վարչություն հրավիրված երիտասարդը հաղորդում է տվել, որ օգտվելով իր քնած լինելու հանգամանքից՝ 29-ամյա երանոսցին գողացել է իր բջջային հեռախոսը և ոսկյա վզնոցը՝ խաչով, ինչի արդյունքում իրեն պատճառվել է քսանհինգ հազար դոլարի վնաս։
Քրեական ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Երանոս գյուղի 29-ամյա բնակչուհին Արցախի պողոտայի շենքերից մեկում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է վարչություն։
Գողոնը հայտնաբերվել է։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

