Պարզվել է «Վանաձոր» ԲԿ–ում 32-ամյա ծննդկանի մահվան պատճառը

30.11.2016, 20:13
Պարզվել է «Վանաձոր բժշկական կենտրոնում» 32-ամյա ծննդկանի մահվան պատճառը։
Պարզվել է «Վանաձոր» ԲԿ–ում 32-ամյա ծննդկանի մահվան պատճառը
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել է «Վանաձոր բժշկական կենտրոնում» 32-ամյա ծննդկանի մահվան պատճառը, հայտնում է Հայաստանի քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդման, ծննդկանը մահացել է հեմոռագիկ շոկից, որը պայմանավորված է եղել ներքին օրգանների և անոթների սուր արյունապակասությամբ։

Կինն առաջնածին ախտորոշմամբ Վանաձորի բժշկական կենտրոն է ընդունվել 2016 թվականի սեպտեմբերի 26-ին։ Գտնվելով բժիշկների հսկողության ներքո՝ 21 օր անց` 2016 թվականի հոկտեմբերի 17-ին` ժամը 18:40-ին, կինը ծննդաբերել է արական սեռի երեխա, որից հետո նրա ինքնազգացողությունը վատացել է։

Վանաձորում 32-ամյա ծննդկան է մահացել

Հաջորդ օրը` հոկտեմբերի 18-ին՝ ժամը 01:40-ին, նույն բաժանմունքում նա մահացել է:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով, և ձեռնարկվել են անհետաձգելի քննչական գործողություններ՝ կնոջ մահվան պատճառները պարզելու ուղղությամբ, նշանակվել դատաբժշկական փորձաքննություն։

Նոյեմբերի 29-ին վարույթն իրականացնող մարմինը ստացել է դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը։ Ըստ այդմ՝ փորձագետները կնոջ մոտ ախտորոշել են ծննդաբերական պատռվածք, արտաքին սուր արյունահոսություն, ներքին օրգանների և անոթների սուր արյունապակասություն։

Հաշվի առնելով քրեական գործի նկատմամբ հանրային մեծ հետաքրքրությունը՝ քննչական կոմիտեն հրապարակել է մահվան պատճառի վերաբերյալ փորձագետների եզրակացությունն ամբողջությամբ։

«Հ.Նազլուխանյանի մահվան անմիջական պատճառն է` հեմոռագիկ շոկը, որը պայմանավորված է հետծննդաբերության վիճակից հետո, վաղ հետծննդյան շրջանի, հեշտոցի ձախ կողմնային պատի անցումով արգանդի պարանոցին ծննդաբերական պատռվածքի, հեշտոցի աջ կողմնային պատի արյունահավաքի, մասնակի կարված հեշտոցի ձախ կողմնային պատի պատռվածքի, հետորովայնամզային տարածության և փոքր կոնքի փափուկ հյուսվածքների՝ արյունով ներծծման, արտաքին սուր արյունահոսության, ներքին օրգանների և անոթների սուր արյունապակասությամբ»,- նշված է թիվ 0922 փորձագիտական եզարակության մեջ:

Քննիչը նույն օրը՝ նոյեմբերի 29-ին, որոշում է կայացրել նշանակել դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն՝ բժշկի սխալի առկայությունը պարզելու համար:

Նախաքննությունը շարունակվում է, քննության արդյունքների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ, հայտնում է կոմիտեն։ -0-