Պարզվել է Երևանում սպանված անչափահաս տղայի և վիրավորների ինքնությունը

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Իրավապահները պարզել են ապրիլի 19-ին Երևանում սպանված անչափահաս տղայի և վիրավորների ինքնությունը։
ՀՀ ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, նույն գլխավոր վարչության Երևանի քրեական վարչության, ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները՝ համագործակցելով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնի քննիչների հետ, իրականացնելով հսկայածավալ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, պարզել են ապրիլի 19-ին Երևանում սպանված անչափահաս տղայի և վիրավորների ինքնությունը:
Shamshyan.com–ի հաղորդմամբ, պարզվել է, որ մահացածը Երևանի բնակիչ 16-ամյա Բենավ Դավթյանն է, իսկ վիրավորները, ովքեր տեղափոխվել էին «Ուիգմոր» բժշկական կենտրոն, 16-ամյա Տիգրան Լ.-ն է և 19-ամյա Սողոմոն Լ.-ն:
Տիգրան Լ.-ն հիվանդանոց է տեղափոխվել «պոլիտրավմա» ախտորոշմամբ, իսկ Սողոմոն Լ.-ն «պոլիտրավմա և ցնցում» ախտորոշմամբ:
Կայքի տեղեկություններով՝ վիրավոր Տիգրան Լ.-ն ու Սողոմոն Լ.-ն հարազատ եղբայրներ են:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը հայտնաբերել են ենթադրյալ կասկածյալներին, ովքեր տեղափոխվել են քրեական ոստիկանություն:
Նախաքննության շահերից ելնելով՝ որոշ հանգամանքներ այս պահին չեն հրապարակվում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 19-ին սպանություն է տեղի ունեցել Երևանում։
Երևանի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ քաղաքացիների կողմից մահացած վիճակում «Միքայելյան վիրաբուժության կենտրոն» է տեղափոխվել անչափահաս տղա։
Քրեական ու համայնքային ոստիկաններն ու պարեկները մոտ 2 ժամ որոնողական աշխատանքների արդյունքում պարզել են ենթադրյալ սպանության վայրը, որը Քանաքեռում հայտնի Խաչատուր Աբովյանի անվան տուն-թանգարանի հարևանությամբ է, որտեղ, ինչպես նաև 5-րդ փողոցի որոշ տների մոտ, հայտնաբերվել են արնանման հետքեր։
Մինչ ոստիկաններն ու պարեկները պարզում էին դեպքի հանգամանքները, «Ուիգմոր» բժշկական կենտրոնից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ վիրավորում ստացած 2 քաղաքացիներ են իրենց մոտ տեղափոխվել։