Մի խումբ անձինք փորձել են մաքսանենգ ճանապարհով Հայաստանից Վրաստան տեղափոխել 29 մլն ռուբլի․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

17.11.2025, 14:13
Փորձել են մաքսանենգ ճանապարհով Հայաստանից Վրաստան տեղափոխել 29 մլն ռուբլի, բայց հայտնաբերվել են «Բագրատաշենում»
Մի խումբ անձինք փորձել են մաքսանենգ ճանապարհով Հայաստանից Վրաստան տեղափոխել 29 մլն ռուբլի․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Ավարտվել է 29 մլն ռուբլին մաքսանենգությամբ Հայաստանից տեղափոխելու դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը, հաղորդում է ՀՀ ՔԿ–ն։

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում իրականացված լայնածավալ վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ օտարերկրյա քաղաքացին գործելով խմբի կազմում՝ ՀՀ երեք քաղաքացու հետ նախնական համաձայնությամբ, կատարել է կանխիկ դրամական միջոցների մաքսանենգություն՝ մաքսային հսկողությունից թաքցնելու եղանակով, առանց մաքսային հայտարարագրման Հայաստանից Վրաստան է տեղափոխել առանձնապես խոշոր չափերով՝ 29 մլն 510 հզր ՌԴ ռուբլի գումար, որը հայտնաբերվել է «Բագրատաշեն» սահմանային անցակետում ՀՀ ՊԵԿ մաքսային ծառայողների կողմից իրականացված մաքսային հսկողության արդյունքում:

Նախաքննության ընթացքում առգրավվել է մաքսանենգության առարկա հանդիսացող գումարը:

Չորս անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով կանխիկ դրամական միջոցների և (կամ) վճարային գործիքների մաքսանենգությունը):

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։