Մեծամորում ավտովթարի հետևանքով մեքենաներից մեկում հրդեհ է բռնկվել․ կա զոհ

18.11.2025, 23:21
Ողբերգական ավտովթար՝ Մեծամորում, մեքենաներից մեկում հրդեհ է բռնկվել, վարորդը մահացել է
Մեծամորում ավտովթարի հետևանքով մեքենաներից մեկում հրդեհ է բռնկվել․ կա զոհ

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Նոյեմբերի 18-ին, ժամը 15։17-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծամոր քաղաքի Ոստիկանության հենակետի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հաղորդում է ՀՀ Փրկարար ծառայությունը։ 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Chevrolet» և «Mitsubishi» մակնիշների ավտոմեքենաները․ վերջինս բռնկվել։ «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայի վարորդը մահացել է։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:34-ին, մարվել՝ 15:48-ին:

Այրվել է «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան։ Փրկարարները հոսանքազրկել են «Chevrolet» մակնիշի ավտոմեքենան, իսկ «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայի վարորդի դին մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ: