ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Շիրակի մարզի Մարմաշեն համայնքում մայիսի 27-ին ֆուտբոլ խաղալու ժամանակ մահացել է 20-ամյա երիտասարդ: Այս մասին հայտնում է NEWS.am-ը:
Загружается новость ... "Лево"
Նույն օրը վերջինիս մահացած վիճակում տեղափոխել են Գյումրի բժշկական կենտրոն: ԲԿ-ի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանի խոսքով՝ նրան բուժօգնություն ցուցաբերել հնարավոր չի եղել, կենսաբանական մահն արդեն վրա էր հասել։
Մահացած 20-ամյա Զարզանդ Մանուկյանը տան միակ արու զավակն էր, բանակից նոր էր վերադարձել, մոտ 6 ամիս առաջ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է համայնքի ղեկավար Կարեն Արշակյանը։
«Մարմաշեն գյուղում մինի ֆուտբոլի դաշտ ենք կառուցել, 2 օր առաջ արդեն աշխատանքներն ավարտվել են։ Երեխաները տեսել են, որ ավարտվել են աշխատանքները, հավաքվել են և սկսել ֆուտբոլ խաղալ։ Երևի 14 հոգի են եղել, որովհետև որքանով տեղեկացա թիմերի են բաժանվել ամեն թիմում 7 հոգի, 17-20 տարեկան երեխաներ են եղել։ Ժամը 18։30-19։00-ն ընկած ժամանակահատվածում վիճաբանություն է սկսվել թիմերի միջև և երևի այդ ժամանակ է դեպքը տեղի ունեցել»,- ասել է նա։
Հարցին, թե ի՞նչ են պատմել նրա հետ ֆուտբոլ խաղացած տղաները, Արշակյանը պատասխանել է, որ ասացին վիճաբանություն է եղել, տեսել են, որ նա ընկած է, վազել ջուր են բերել, ցանել նրա վրա, ոտքերն են շարժել, տեսել են, որ չի շարժվում։ Մեքենայով տարել են հիվանդանոց և այնտեղ երեխայի մահը գրանցել են։
Նրա խոսքով՝ ընտանիքի հարվածը կրկնակի է, քանի որ մահացածի երկու քույրերից մեկի ամուսինն էլ Ռուսաստանում է մահացել և այսօր պետք է բերեն Հայաստան:
Նշվում է, որ ոստիկանությունում քննություն է կատարվել մահվան հանգամանքները պարզելու համար։ Հարցաքննվել են նրա հետ ֆուտբոլ խաղացողները։
Հավելենք նաև, որ նախօրեին երեկոյան հայտնի է դարձել, որ ֆուտբոլ խաղալու ժամանակ մահացած 20-ամյա Զարզանդ Մանուկյանի դիակի վրա բռնության հետքեր են հայտնաբերվել: Այս մասին NEWS.am-ին հայտնել են Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։
Քրգործ է հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ սպանություն, ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը։
Հարուցված քրգործի շրջանակում մեկ անձ ձերբակալվել է։
Երիտասարդի դիակի դատաբժշկական փորձաքննության նախնական արդյունքներով գլխի վրա բռնությամբ զուգորդված ներգործության հետքեր են հայտնաբերվել, ձերբակալված է մեկ կասկածյալ։-0-