Մանրամասներ՝ Քննչական կոմիտեի սեյֆից արված «դարի գողությունից»․ չարագործը ՔԿ շենքում է մնացել 16 ժամ

23.05.2025, 16:57
Մանրամասներ՝ Քննչական կոմիտեից 590 հազ դոլարի գողության դեպքից
Մանրամասներ՝ Քննչական կոմիտեի սեյֆից արված «դարի գողությունից»․ չարագործը ՔԿ շենքում է մնացել 16 ժամ

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Նոր մանրամասներ են հայտնի դարձել ՔԿ Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգության գործերով քննության գլխավոր վարչության շենքից որպես իրեղեն ապացույց պահվող 590 000 ԱՄՆ դոլար գողանալու գործով։ 

Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 22–ի գիշերն աննախադեպ գողություն է արձանագրվել ՔԿ-ում։ ՔԿ Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության շենքից, որը գտնվում է Դեղատան փողոցում,  հափշտակվել է որպես իրեղեն ապացույց պահվող 590.000 դոլար։ Չհրկիզվող պահարանը, որտեղ պահվում էր գումարը, եղել է 6-րդ հարկում։ «Փաստինֆո»–ի տեղեկություններով՝ չարագործը շենք է մուտք գործել քննիչի կեղծ անցագրով։ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնեցին, որ նախաձեռնվել է քրեական վարույթ, մեկ անձ ձերբակալվել է։ 

«Փաստինֆո»–ի հաղորդմամբ, պարզվում է՝ այդ գումարը եղել է շենքի 6-րդ հարկում պահվող միակ գումարը, որի մասին իմացել են վարչության բոլոր քննիչները։ Ընդ որում՝ այն պահվել է ամիսներ շարունակ։ Գումարը ՔԿ-ի դեպոզիտային հաշվին չի փոխանցվել անգամ գողության առաջին փորձից հետո։ 

«Փաստինֆո»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ գողության առաջին փորձը արձանագրվել է դեռեւս 2024 թվականի դեկտեմբերին, ու դեպքի առթիվ անգամ վարույթ կա նախաձեռնված։ 

Գողը ՔԿ շենք է մուտք գործել քննիչի կեղծ անցագրով։ «Փաստինֆո»–ին հաջողվել է պարզել, որ դա տեղի է ունեցել աշխատանքային ժամին՝ մայիսի 20-ին՝ ժամը 16։30-ի մոտակայքում, նա ամբողջ գիշեր մնացել այնտեղ։ Նույն անցագրով անձի ելքն արձանագրվել է մայիսի 21-ին՝ ժամը 08։30-ի սահմաններում։ Այսինքն՝ նա շուրջ 16 ժամ մնացել է շենքում, հանգիստ հափշտակել գումարը, իսկ առավոտյան, երբ քննիչները սկսել են գալ աշխատանքի, նա հեռացել է։  

«Փաստինֆո»–ի հաղորդմամբ, այս գործով ձերբակալված է 5-րդ վարչության պետը։