Լոռիում 17-ամյա տղայի և 54-ամյա տղամարդու միջև վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. վերջինս մահացել է

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Նախօրեին սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 19։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Լոռու մարզի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Դարպաս գյուղում վիճաբանություն է տեղի ունեցել, որն ավարտվել է դանակահարությամբ, կա վիրավոր։
Մինչ քրեական և համայնքային ոստիկանները կժամանեին գյուղ, «Վանաձոր» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Տարոնի բաժին և հայտնել են, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխել տղամարդու դի։
Հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզել են, որ մահացածը Դարպաս գյուղի բնակիչ 54-ամյա Աշոտ Ա․-ն է, ում մարմնի վրա առկա է եղել հարվածի և սուր կտրող առարկայից ստացված վնասվածքներ։
Դեպքի փաստով Լոռու մարզային քննչական վարչությունում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկանները ու քննիչները պարզել են ենթադրյալ կասկածյալի ինքնությունը, ով 17 տարեկան է։
Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին որոշ հանգամանքներ չեն հրապարակվում։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։