Լոգարանում հայտնաբերվել է գործարարի մարմինը, կողքին՝ նախագահի կողմից որպես պարգև տրված ատրճանակը

09.09.2024, 12:56
Առեղծվածային դեպք՝ Արմավիրի մարզում
Լոգարանում հայտնաբերվել է գործարարի մարմինը, կողքին՝ նախագահի կողմից որպես պարգև տրված ատրճանակը

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում, գրում է shamshyan.com-ը։

Ժամը 11:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ իրենց կողմից սպասարկվող գյուղերից մեկի տանը տղամարդու դի կա։

Ոստիկաններն ու քննիչները նշված տան լոգարանում հայտնաբերված տղամարդու դիակի մոտ հայտնաբերել են նաև ատրճանակ։

Ըստ նախնական տեղեկությունների՝ նա ինքնասպան է եղել՝ կրակելով իր վրա։

Ոստիկանները ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 38-ամյա Լ. Ե.-ն է:

Ըստ սկզբնաղբյուր կայքի՝ վերջինս գործարար է եղել, իսկ ատրճանակը, որով ենթադրաբար նա կատարել է ինքնասպանություն, նրան որպես պարգևատրում նվիրել է Արցախի Հանրապետության նախկին նախագահներից մեկը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։