Կրակոցներ՝ Տավուշում․ կան վիրավորներ

28.03.2025, 12:47
Տավուշում կրակոցներ են հնչել
Կրակոցներ՝ Տավուշում․ կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր՝ մարտի 28-ին, կրակոցներ են հնչել Տավուշի մարզում:

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 01:00-ի սահմաններում «կրծքվանդակի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ «Դիլիջան» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի:
 
Մինչ հիվանդանոց կժամանեին ոստիկանության ծառայողները, «2 ոտքերի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ ևս 1 մարդ տեղափոխվել է «Դիլիջան» բժշկական կենտրոն: 
 
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորները ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալ, քանի որ գտնվում են վիրահատարանում:
 
Ոստիկանները պարզել են, որ կրծքավանդակի հրազենային վնասվածք ստացած քաղաքացին Տավուշի մարզի բնակիչ 40-ամյա Վ․Թ․–ն է, իսկ մյուս վիրավորը դարձյալ Տավուշի մարզի բնակիչ 38-ամյա Ա․Բ․–ն է։

Դեպքի փաստով Դիլիջանի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: 
 
Կայքի տեղեկություններով՝ քրեական և համայնքային ոստիկանները և Դիլիջանի քննչական բաժնի քննիչները պարզել են, որ կրակոցները տեղի են ունեցել Դիլիջան խոշորցաված համայնքի Հաղարծին բնակավայրի «Մարիա Խլեբ» կոչվող չգործող հացատան տարածքում:
 
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու, մասնակիցները ինքնությունն ու հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։