Կրակոցներ՝ Երևանում․ 32–ամյա տղամարդ է հոսպիտալացվել

23.06.2025, 10:57
Տեղում հայտնաբերվել է հրազենից կրակված 4 պարկուճ
Կրակոցներ՝ Երևանում․ 32–ամյա տղամարդ է հոսպիտալացվել

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Երեկ՝ հունիսի 22-ին, կրակոցներ են հնչել Երևանում:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 21:30-ի սահմաններում «Երևան» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահզանգ է ստացվել, որ Երևանի 1-03 շտապօգնության խումբը հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու: 
 
Քրեական ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 32-ամա Գուրգեն Ե.-ն է: 

Ոստիկանները պարզել են, որ Գուրգեն Ե.-ն հիվանդանոց է տեղափոխվել Գևորգ Վարդանյան փողոցի թիվ 2 հասցեի մոտից՝ «աճուկային շրջանի և ծնկի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ: 
 
Արդեն տեղում քրեական ու համայնքային ոստիկանները, պարեկները հայտնաբերել են հրազենից կրակված 4 պարկուճ: 
 
Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները և մասնակիցների ինքնությունը պարզելու, հանցագործություն կատարողին և հանցագործության գործիք հրազենները հայտնաբերելու ուղղությամբ: 

Կայքի տեղեկություններով՝ վիրավորը Երևանի «Բանջարանոցներ» թաղամասում հայտնի «Բաքսյոր Գուգո»-ն է: 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։