Կրակոցի հետևանքով վնասվել է տղամարդու դաստակը․ Երևանում ատրճանակով տղամարդ է վնասազերծվել
07.05.2025,
13:15
Ձերբակալման ընթացքում կիրառվել են ձեռնամարտի հնարքներ

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Մայիսի 6-ին Երևան քաղաքի վարչության քրեական ոստիկանները տեղեկություններ են ստացել, որ մայրաքաղաքում բնակվող 40-ամյա մի տղամարդ ապօրինի հրազեն ունի, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։
Նույն օրը՝ ժամը 10։25-ի սահմաններում, տղամարդը հայտնաբերվել է Երևանի Ռոստովյան փողոցում։
Ձերբակալման ընթացքում կիրառվել են ձեռնամարտի հնարքներ։ Տղամարդու ձեռքին եղած ատրճանակից հնչել է կրակոց, ինչի հետևանքով վնասվել է նրա դաստակը։
Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը փոխանցվել են տարածքային քննչական բաժին։
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։