ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Այսօր՝ մայիսի 8-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 17:30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 88-րդ կմ հատվածում՝ Մաստարա գյուղի վարչական տարածքում, ճակատ-ճակատի բախվել են Volkswagen և Mercedes մակնիշների ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 11 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Թալինի բժշկական կենտրոն:
Կայքի հաղորդմամբ, մինչ քննիչները դեպքի վայրի զննություն էին կատարում, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ 2 մարդ մահացել է: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ): Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահածացների և վիրավորների ինքնությունը:
Աղբյուրի հաղորդմամբ, մահացածներից մեկը 2 տարեկան աղջնակ է:–0–