Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․ «Չայնիի» ոլորաններում մեքենաներ են բախվել

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Երեկ՝ մայիսի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, Ժժմը 16։10-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 121 կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի «Չայնիի» ոլորաններում, Գեղարքունիքի մարզի բնակիչ 30-ամյա Գ․ Հ․–ն իր վարած «УАЗ 469» (Վիլիս) մակնիշի ավտոմեքենայով, դեպի Սևան ընթանալիս, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք, ապա բախվել դեպի Երևան ընթացող, Կոտայքի մարզի բնակիչ 41-ամյա Վահե Ասլանյանի վարած «ГАЗ 3102» մակնիշի ավտոմեքենային։
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։
Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։