Խոշոր ավտովթար Երևանում՝ շտապօգնության մեքենայի մասնակցությամբ․ բժիշկն ու բուժքույրը հոսպիտալացվել են

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր՝ մայիսի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 03:30-ի սահմաններում Բագրատունյաց պողոտա և Չեխովի փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 34-ամյա Ե. Գրիգորյանի վարած «Range Rover» մակնիշի և Վայոց Ձորի մարզի բնակիչ 52-ամյա Ա. Նազարյանի վարած շտապօգնության ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով Ա. Նազարյանը, նրա ուղևոր, Երևանի բնակիչ 52-ամյա Ն. Ավանեսյանն ու Տավուշի մարզի բնակիչ 26-ամյա Ա. Բադալյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Շենգավիթ» բժշկական կենտրոն:
«Range Rover»-ի վարորդն ու ուղևորը ևս դիմել են բուժօգնության։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:
Կայքի հաղորդմամբ, բախման հետևանքով «Range Rover»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին՝ բախվելով սրճեփ ապարատին։ Վիրավորների թվում են նաև շտապօգնության բժիշկն ու բուժքույրը:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։