Խոշոր ավտովթար՝ Արմավիրի մարզում․ տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն, 6 մարդ տուժել է

09.06.2025, 10:24
Opel–ը բռնկվել է, գազի բալոնը՝ պայթել․ 6 մարդ հոսպիտալացվել է
Խոշոր ավտովթար՝ Արմավիրի մարզում․ տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն, 6 մարդ տուժել է

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Գիշերը խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։

ՀՀ Փրկարար ծառայության հաղորդմամբ, հունիսի 9-ին, ժամը 00:30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Նոր Արմավիր գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Նոր Արմավիր գյուղի սկզբնամասում բախվել են «Opel Astra» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները, այնուհետև «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան բախվել է վթարված «VAZ» մակնիշի ավտոմեքենային՝ դուրս եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի բետոնե արգելապատնեշին․ «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայում տեղի է ունեցել հրդեհի բռնկում և գազի բալոնի պայթյուն:

Ավտոմեքենաների վարորդները, երեք ուղևոր և մեկ անցորդ հոսպիտալացվել են բժշկական կենտրոն: Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:49-ին, մարվել՝ 01:07-ին: Այրվել է «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան: