Խոշոր ավտովթար՝ Արագածոտնում․ Opel–ում հրդեհ է բռնկվել, կա զոհ, 12–ի տուծաներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է

29.05.2025, 10:12
Արագածոտնում խոշոր ավտովթարի հետևանքով 12 տուժած հոսպիտալացվել է, 27–ամյա երիտասարդը սանավիացիայով տեղափոխվում է Երևան
Խոշոր ավտովթար՝ Արագածոտնում․ Opel–ում հրդեհ է բռնկվել, կա զոհ, 12–ի տուծաներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր առավոտյան խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Փրկարար ծառայության հաղորդմամբ, ժամը 08:05-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Opel» մակնիշի ավտոմեքենան և «Volkswagen» մակնիշի միկրոավտոբուսը․ «Opel» մակնիշի ավտոմեքենյում հրդեհ է բռնկվել։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։34-ին, մարվել՝ 08։47-ին։ Այրվել է «Opel» մակնիշի ավտոմեքենան։

Ըստ նախնական տվյալների 12 քաղաքացի տեղափոխվել է բժշկական կենտրոն, «Opel» մակնիշի ավտոմեքենայում կա 1 զոհ։

Ինչպես հայտնում է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Ապարան- Քուչակ ճանապարհին ավտովթարից տուժել են 12 անձ, որից 11 տուժած Ապարանի ԲԿ-ում ստանում են համապատասխան բուժում, ունեն տարբեր տեսակի կոտրվածքներ:

«27 տարեկան տուժածի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է, կազմակերպում ենք սանավիացիայով նրա տեղափոխումը Երևան», – նշել է նախարարը։