Կանխվել է 161 կգ թմրամիջոցի՝ մաքսանենգությամբ ՀՀ տեղափոխումը. օտարազգի քաղաքացի է կալանավորվել
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ ՀՀ Քննչական կոմիտեում 2025 թվականի նոյեմբերի 24-ին նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է, որ օտարազգի քաղաքացին փորձել է Հայաստան և այնուհետև այլ երկիր տեղափոխել առանձնապես խոշոր չափերի՝ 161 կգ «Հերոին» տեսակի թմրամիջոց։ Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն։
Կոմիտեի տեղեկացմամբ, նախքան ՀՀ մուտք գործելը, նա թմրամիջոցը տեղադրել էր բեռնատար ավտոմեքենայի կցորդի առջևի հատվածում հատուկ պատրաստված գաղտնարանում։ Նույն օրը, երբ Ա.Ա.-ն ապօրինի կերպով տեղափոխել էր «Հերոինը» ՀՀ տարածք, նա չի կարողացել այն փոխադրել այլ երկիր, քանի որ ՀՀ ՊԵԿ աշխատակիցների կողմից իրականացված մաքսային զննման արդյունքում թաքցված ապրանքը հայտնաբերվել է, և Ա.Ա.-ն ձերբակալվել է։ Կանխվել է թմրամիջոցի շրջանառությունը։
Ա.Ա.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը), 399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների, դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների կամ դրանց պրեկուրսորների մաքսանենգությունը) և 43-399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների, դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների կամ դրանց պրեկուրսորների մաքսանենգությունը նախապատրաստելը):
Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը: Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

