Ձերբակալվել է Նոր Նորք երևանյան վարչական շրջանի քրեական հետախուզության բաժնի պետը

15.06.2015, 17:06
Նոր Նորքի քրեական հետախուզության բաժնի պետը ձերբակալվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում, հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի. /Նովոստի–Արմենիա/.  Նոր Նորքի քրեական հետախուզության բաժնի պետը ձերբակալվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում, հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

Նրան առաջադրվել է մեղադրանք ՀՀ քրեական  օրենսգրքի 308-րդ և 314-րդ հոդվածների 1-ին մասերի հատկանիշներով։

Քրեական գործը վերաբերում է այն ժամանակահատվածին, երբ ձերբակալվածը զբաղեցնում էր Տավուշի մարզի  Իջևան քաղաքի քրեական հետախուզության բաժնի պետի պաշտոնը։

Քննության տվյալներով, 2013 թվականի սեպտեմբերի 22–ին Տավուշի մարզի  Աչաջուր գյուղում մահափորձ է կատարվել Կամո Ղալթաղչյանի նկատմամբ։ Անհայտ անձինք փորձել են պայթեցնել նրա «Տոյոտա» ավտոմեքենան։ Ղալթաղչյանի խոսքով, ավելի վաղ իր  և իր ընտաբնիքի անդամների նկատմամբ ևս կատարվել են մահափորձեր, և միջադեպից կես տարի առաջ գնդակոծել են նրա որդու ավտոմեքենան։

Քննիչները պնդում են, որ ձերբակալվածը, ով այն ժամանակ Իջևանի քրեական հետախուզության բաժնի պետն էր, իրազեկ լինելով Կամո Ղալթաղչյանի նկատմամբ հասարակության համար վտանգավոր կերպով կատարված մահափորձի մասին, հանցագործության  դեպքի մասին Կ.Ղ.-ի բանավոր հաղորդման վերաբերյալ արձանագրություն չի կազմել, հանցագործության մասին հաղորդումը չի գրանցել, հայտնաբերված հանցագործության մասին դատախազին և քննիչին անհապաղ տեղյակ չի պահել, չի զննել դեպքի վայրը և որևէ միջոց չի ձեռնարկել հանցագործության հետքերը, այլ նյութական օբյեկտները հայտնաբերելու ուղղությամբ, ինչի հետևանքով գործին պատշաճ ընթացք չի տրվել։

Կատարվում է քննություն։ -0-