Հայաստանում կանխել են շուրջ 0,5 մլն դոլարի թմրանյութերի ներկրումը հանրապետություն

14.04.2015, 18:20
Հայաստանում կանխել են շուրջ 0,5 մլն դոլարի «մեթամֆետամին» տեսակի թմրանյութի ներկրումը հանրապետություն, հայտնում է ՀՀ ՖՆ նախաբացթողումային հսկողության վարչությունը։
Հայաստանում կանխել են շուրջ 0,5 մլն դոլարի թմրանյութերի ներկրումը հանրապետություն

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում կանխել են շուրջ 0,5 մլն դոլարի «մեթամֆետամին» տեսակի թմրանյութի ներկրումը հանրապետություն, հայտնում է ՀՀ ՖՆ նախաբացթողումային հսկողության վարչությունը։

«Նախաբացթողումային հսկողության վարչության և ԱԱԾ աշխատակիցների կողմից իրականացրած համատեղ օպերատիվ-հսկողական միջոցառումների արդյունքում հայ-իրանական սահմանին կանխվել է «մեթամֆետամին»  տեսակի շուրջ 2.5 կիլոգրամ թմրանյութի ներկրումը հանրապետություն», – տեղեկացրել է Նախաբացթողումային հսկողության վարչության պետ Վահրամ Գուրողլյանը։

Նրա խոսքով` շուրջ 1 տոննա «հերոին» տեսակի թմրամիջոցի հայտնաբերումից հետո սա երրորդ խոշոր խմբաքանակն է, որ կանխել են Նախաբացթողումային հսկողության վարչության աշխատակիցները։

ՀՀ Քրեական օրենսգրքով «մեթամֆետամինի» առանձնապես խոշոր չափ է համարվում ավելի քան 1.5 գրամ քաշով զանգվածը, իսկ, ըստ վերլուծությունների, սև շուկայում թմրանյութի այս տեսակի իրացման գինը տատանվում է 200-300 ԱՄՆ դոլարի սահմանում:

Եթե համաշխարհային պրակտիկայում «մեթամֆետամինի» մաքսանենգ տեղափոխման հայտնի եղանակներից են շոկոլադապատ սալիկը, ներքնաշորերը և այլն, ապա այս դեպքում, ըստ Վահրամ Գուրողլյանի, թմրանյութ տեղափոխելու նպատակով նախապես ճամպրուկում թաքստոց էր պատրաստվել` այդպիսով նպատակ ունենալով խուսափել զննող սարքերի միջոցով հայտնաբերվելուց, ինչը, սակայն չէր վրիպել վարչության աշխատակիցների տեսադաշտից: Դեպքով կատարվում է քննություն:

Ինչպես նշել են նախարարությունից, փորձը ցույց  է տալիս, որ թմրամիջոցների ապօրինի ներկրման փորձերը մեծ մասամբ բացահայտվում են հայ-իրանական սահմանին: Օրերս, կրկին Մեղրիի մաքսակետում, վարչության աշխատակիցներն Իրանի քաղաքացու վերնաշապիկի գրպանից, ինչպես նաև նրան պատկանող մանկական գրենական պիտույքների պայուսակից հայտնաբերել են մաքսային հսկողությունից թաքցված`  62 գրամ ընդհանուր քաշով սև գույնի ափիոնանման զանգված: –0–