Հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի կրակոցից վնասվածք ստացած զինվորի վիճակը ծայրահեղ ծանր է, բայց` կայուն. բժիշկ
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի կրակոցից վնասվածք ստացած զինվորի վիճակը ծայրահեղ ծանր է, բայց` կայուն, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց Բերդ քաղաքի հոսպիտալի պետ Էդիկ Գրիգորյանը։
«Վիրավորը վիրահատվել է, այսքանը կարող եմ ասել այս պահին»,– ասաց Գրիգորյանը։
Ավելի վաղ տեղեկություն էր հրապարակվել, որ ուրբաթ առավոտյան Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումների հերթական դիվերսիոն գործողությունների հետևանքով մահացել են լեյտենանտ Կարեն Գալստյանն ու շարքային Արտակ Սարգսյանը, վիրավորվել է շարքային Հովհաննես Ավանեսյանը։
Նույն օրը ղարաբաղա–ադրբեջանական շփման գծում հակառակորդի դիվերսիայի հերթական փորձը կանխելիս զոհվել է ԼՂՀ Պաշտպանության բանակի զինծառայող Նահապետ Ասատրյանը, զինծառայող Հովհաննես Գասպարյանը վիրավորվել է։
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

