Վալերի Պերմյակովն ընդունել է Հայաստանի անունից իրեն առաջադրված մեղադրանքը. ՔԿ

21.01.2015, 20:43
Ռուսական ռազմական բազայի ծառայող, Գյումրիի յոթ հոգանոց ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովն ընդունել է Հայաստանի Հանրապետության անունից իրեն առաջադրված մեղադրանքը, հայտնում է  Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:
Վալերի Պերմյակովն ընդունել է Հայաստանի անունից իրեն առաջադրված մեղադրանքը. ՔԿ

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Ռուսական ռազմական բազայի ծառայող, Գյումրիի յոթ հոգանոց ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովն ընդունել է Հայաստանի Հանրապետության անունից իրեն առաջադրված մեղադրանքը, հայտնում է  Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:

Հունվարի 12–ին Գյումրիում, որտեղ տեղակայված է ռուսական 102–րդ ռազմակայանը, վեց հոգանոց ընտանիք է սպանվել։ Միակ ողջ մնացածը վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը մահացել է հունվարի 19–ին։ Հանցագործության կատարման մեջ կասկածվում է ռուս ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը, նա ձերբակալվել է երեքշաբթի և ինքնախոստովանական ցուցմունք է տվել։

Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու եւ ավելի անձանց սպանությունը):

Որոշում է կայացվել՝ Վալերի Պերմյակովին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, և ՀՀ քննչական կոմիտեի քննիչները Վալերի Պերմյակովին մեղադրանք են առաջադրել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու և  ավելի անձանց դիտավորյալ սպանության համար:

Հաղորդագրությունում ասվում է , որ նախաքննության ընթացքում հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու և հանցագործության բոլոր հանգամանքները բացահայտելու ուղղությամբ ՀՀ քննչական կոմիտեում ձեւավորված քննչական խմբի կողմից կատարվել են քննչական անհետաձգելի գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, երեք տասնյակից ավելի վկաների հարցաքննություններ, նշանակվել են ավելի քան մեկ տասնյակ փորձաքննություններ: Ձեռնարկվել են քննչական, դատավարական եւ օպերատիվ-հետախուզական այլ միջոցառումներ:–0–