Նյու Յորքում երկու ոստիկանների սպանությունից հետո 6 մարդ է ձերբակալվել ոստիկանության հասցեին ուղղած սպառնալիքների համար
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ընդհանուր առմամբ վեց մարդ է ձերբակալվել Նյու Յորքում ոստիկաններին հասցեագրած սպառնալիքների և ոստիկանության երկու աշխատակցի սպանությունից հետո պատրաստվող հանցագործությունների կեղծ հաղորդումների համար, հայտնում է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով ABC News հեռուստաալիքին։
Ինչպես հայտնել է հեռուստաալիքը, հինգշաբթի ձերբակալվել է երկու մարդ` 41–ամյա Թայրոն Մելվիլը և 26–ամյա Խոսե Մալդոնադոն։
Առաջինը ոստիկանություն է զանգահարել երեքշաբթի առավոտյան 4–ին և ներկայացել որպես Իսմայիլ Բրինսլի` այն մարդու անունով, ով ավելի վաղ Նյու Յորքի երկու ոստիկանների էր սպանել, իսկ հետո` ինքնասպանություն գործել։ Նա հայտնել է, որ կուզեր դուրս բերել փամփուշտները սպանված սպայի գլխից և դրանցով ավելի մեծ թվով ոստիկանների սպանել։ Մելվիլին ձերբակալել են Մանհեթենի իր բնակարանում։
Մեկ այլ ձերբակալված Ֆեյսբուքում գրել է «Ես կարող էի պարզապես դուրս գալ փողոց, երկու ոստիկանի սպանել և ինքս ինձ»։ Իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում այդ գրառումը հայտնվել է դեկտեմբերի 24–ի առավոտյան, իսկ հինգշաբթի հեղինակին ձերբակալել են։
Ավելի վաղ ձերբակալվել էր հինգ մարդ, որոնց թվում` երկու դեռահաս, հայտնում է հեռուստաալիքը։ Դեռահասները սոցցանցերում ոստիկաններին սպանելու կոչեր են հրապարակել։ Երկու ուրիշ ձերբակալվածներ զանգահարել են ոստիկանություն ոստիկանների պատրաստվող սպանությունների մասին կեղծ հաղորդումներով։
Դեկտեմբերի 20–ին Բրուքլինում սևամորթ Իսմայիլ Բրինսլին (Ismaaiyl Brinsley) սպանել է երկու ոստիկանի, ինչից հետո ինքնասպան է եղել։
Այդ իրադարձությունն աղմուկ է բարձրացել ԱՄՆ–ում, որտեղ վերջին երկու ամիսներին բողոքի ակցիաներ են անցկացվում ռասիզմի և ոստիկանության կամայականությունների դեմ։ Հասարակությունում հուզումների պատճառը Ֆերգյուսոնում 18–ամյա Մայքլ Բրաունի և Էրիկ Գարների մահն է։ Երկու աֆրոամերիկացիներին էլ ոստիկաններն են սպանել։
Սպաների սպանությունը դատապարտել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, իսկ Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դը Բլազիոն կոչ է արել ցուցարարներին դադարեցնել բողոքի ակցիաները։ -0-

