«Սիստեմա» ԲՖԿ–ի տնօրենների խորհրդի նախագահին փողերի «լվացման» մեղադրանք են առաջադրել
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Սիստեմա» ԲՖԿ–ի տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Եվտուշենկովին փողերի «լվացման» մեղադրանք են առաջադրել, երեքշաբթի հայտնել է ՌՀԿ պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը։
Եվտուշենկովի համար տնային կալանք է սահմանվել։
«Քննությունը բավարար հիմքեր ունի ենթադրելու, որ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի օրինականացմանը (լվացմանը) մասնակցել է նաև «Սիստեմա» ԲՖԿ–ի տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Եվտուշենկովը։ Այսօր նրան գումարային միջոցների օրինականացման (լվացման) մեղադրանք է առաջադրվել»,– ասել է Մարկինւ։
Մոսկվայի պետական դատարանը օգոստոսի 27-ին կալանքի տակ էր թողել ԲՖԿ–ին պատկանող «Բաշնեֆտ»–ի բաժնետոմսերը` դրանով մերժելով ընկերության ներկայացուցիչների բողոքը։ Բաժնետոմսերի վրա կալանք դնելու որոշումը սահմանել է Մոսկվայի Բասմանյան դատարանը «Բաշնեֆտ»–ի սեփականաշնորհման ժամանակ գումարային միջոցների օրինականացման և հափշտակման մասին գործի շրջանակում։ Այս գործով տուժած է ճանաչվել Բաշկիրիայի հողային և գույքային կապերի նախարարությունը։ Նախարարությունը 209 միլիարդ ռուբլու փոխհատուցում պահանջող հայց է ներկայացրել։
Բացի այդ, քրեական գործ է հարուցվել նաև «Բաշնեֆտ»–ը ԲՖԿ կառույցներին 2009 թվականին վաճառելու փաստով։ «Բաշնեֆտ»–ի նախկին ղեկավար Ուրալ Ռազիմովը մեղադրվում է այդ գործարքից գումար հափշտակելու և դրանք օրինականացնելու մեջ։ Քննությունը կարծում է, որ բաժնետոմսերը գնել են ակնհայտ իջեցված գնով` 500 միլիոն դոլար «զեղչով»։ Այժմ քննիչները պետք է պարզեն, թե ինչ դերակատարում է ունեցել ԲՖԿ–ն, և հատկապես ով է որոշել գնել բաժնետոմսերը, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Սիստեմա» ԲՖԿ-ն ընկերություններ է միավորում հեռահաղորդակցության, տեխնոլոգիաների, ապահովագրման, անշարժ գույքի, մանրածախ առևտրի, բանկային հատվածի և բժշկության ոլորտներում։ ԲՖԿ-ի կանոնադրական կապիտալը կազմում է 868,5 մլն ռուբլի, այն կազմված է 0,09 ռուբլի անվանական արժեքով 9,65 մլրդ սովորական բաժնետոմսերից: LSE-ում GDR-ի տեսքով սակարկվում է մոտ 19 տոկոս բաժնետոմս (մեկ GDR-ը հավասար է 20 սովորական բաժնետոմսի), Մոսկվայի բորսայում՝ 5,2 տոկոս բաժնետոմս:-0-

