Մարտական դիրքում հայ զինծառայող է զոհվել, քրեական գործ է հարուցվել. ՊՆ

29.08.2014, 17:25
Հրազենային վնասվածքից հայ զինծառայող է զոհվել, հայտնում է հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Մարտական դիրքում հայ զինծառայող է զոհվել, քրեական գործ է հարուցվել. ՊՆ

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Հրազենային վնասվածքից հայ զինծառայող է զոհվել, հայտնում է հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

«Նախօրեին, ժամը 18:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքերից մեկում գլխի ճակատային շրջանում ստացած հրազենային գնդակային թափանցող մահացու մարմնական վնասվածքով հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, 1995 թվականին ծնված շարքային Վլադիմիր Ալեքսանի Հայրապետյանը», – ասվում է հաղորդագրությունում։

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 365 հոդվածի 3-րդ մասի  հատկանիշներով (մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ) հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն:

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունն է հայտնում շարքային Վլադիմիր Ալեքսանի Հայրապետյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,– նշվում է հաղորդագրության մեջ։ -0-