Ջեկի Չանը ներողություն է խնդրել որդու փոխարեն. հեռուստատեսություն
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Հայտնի չինացի դերասան և մարտարվեստների վարպետ Ջեկի Չանը ներողություն է խնդրել որդու՝ Ջեյսիի փոխարեն։ Ջեկի Չանի տղային ձերբակալել են Չինաստանում թմրանյութեր պահելու համար, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով CNN հեռուստաալիքին:
30-ամյա Ջեյսի Չանը, ով հայտնի է նաև որպես Ֆան Ցզումին, ձերբակալվել է Պեկինում իր ընկերոջ՝ հայտնի թայվանցի կինոդերասան 23-ամյա Կե Չժենդունոյի հետ: Թմրանյութերի թեստը դրական արդյունք է տվել:
Որդու ձերբակալման կապակցությամբ Ջեկի Չանը հանդես է եկել հրապարակային հայտարարությամբ և ասել, որ իր վրա է վերցնում պատասխանատվությունը Ջեյսիի գործողությունների համար: «Ես չկարողացա սովորեցնել որդուս և պետք է իմ վրա վերցնեմ պատասխանատվությունը: Ջեյսին և ես ներողություն ենք խնդրում», - նշվում է Չանի հայտարարության մեջ, որը հրապարակվել է Weibo սոցցանցում: Չանը ավելացրել է, որ շատ է զարմացել որդու ձերբակալման նորությունից, իսկ Ջեյսիի մայրը «վշտից գլուխը կորցրել է»:
Ձերբակալությունից հետո ոստիկանությունը զննություն է անցկացրել Ջեյսիի բնակարանում և 100 գրամ մարիխուանա է հայտնաբերել: Ըստ հեռուստաալիքի տվյալների՝ Ջեկի Չանի որդին կարող է դատապարտվել մինչև երեք տարի ազատազրկման:-0-

