Նեպալի նախկին գահաժառանգին ձերբակալել են Թաիլանդում թմրադեղեր պահելու համար. ԶԼՄ
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Նեպալի նախկին գահաժառանգ Պարաշ Շահը ձերբակալվել է Բանգկոկում մարիխուանա պահելու համար, չորեքշաբթի հայտնում է Bangkok Post թերթի ինտերնետ–տարբերակը։
Արքայազնը ձերբակալվել է հյուրանոցային համարում։ Նա իրերի մեջ պահել է 13 գրամ մարիխուանա, որի օգտագործումը Թաիլանդում պաշտոնապես արգելված է։ Նեպալի թագաժառանգին սպառնում է մինչև հինգ տարի ազատազրկում և խոշոր տուգանք, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Սա արդեն Պարաս Շահի երրորդ ձերբակալումն է Թաիլանդում, ուր նախկին գահաժառանգն ամեն տարի հանգստի է մեկնում։ 2012 թվականին նա ձերբակալվել էր Պհուկետ կղզում 3 գրամ մարիխուանայի համար։ Պայմանական ազատազրկմամբ ազատ արձակվելով` նույն տարում ձերբակալվել էր Բանգկոկում անվայել պահվածքի և լյուքս կարգի բնակելի համալիրներից մեկի գույքը փչացնելու համար։ Այդ գործը նրան հաջողվեց կարգավորել պայմանավորվածության և գույքի տերերին փոխհատուցում վճարելու միջոցով։
Այս պահին արքայազնը Բանգկոկի Տխոնգլոր ոստիկանական բաժանմունքի ժամանակավոր խցիկում է, հաղորդում է պարբերականը։
Պարաս Շահը գահի ժառանգորդ է դարձել 2001 թվականին, երբ նրա եղբայրը թմրադեղերի և ալկոհոլի ազդեցությամբ հրաձգություն է սկսել թագավորական պալատում և սպանել է արքայական ընտանիքի ինն անդամների, ներառյալ` թագավորին և թագուհուն, իսկ այնուհետև ինքնասպան է եղել։ Դրանից յոթ տարի անց Նեպալում միապետությունը վերացվել է։ -0-

