Հինգ բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել երկուշաբթի Վանաձորի մոտակայքում. ԱԻՆ
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Կիրակի լույս երկուշաբթի գիշերը Լոռու մարզի Վանաձոր քաղաքում 5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդվում է ՀՀ ԱԻՆ կայքում:
Տեղեկատվության համաձայն՝ հուլիսի 7-ին, ժամը 03.39-ին ՀՀ ԱԻՆ ՍՊԾ-ից տեղեկություն է ստացվել այն մասին, որ տեղական ժամանակով ժամը 03.08-ին Վանաձոր քաղաքից 13 կմ հարավ-արևմուտք տեղի է ունեցել 4 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 5 բալ: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:
Երկրաշարժը զգացվել է Լոռու և Արագածոտնի մարզերում՝ 3-4 բալ ուժգնությամբ: Երկրաշարժին հաջորդել է 0,8-1,2 մագնիտուդով 4 հետցնցում:
Նախօրեին՝ հուլիսի 6-ին, ժամը 11:13-ին Վանաձորից 7 կմ դեպի հարավ կրկին 3 մագնիտուդով և 3-4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում էր 10 կմ խորության վրա, 3-4 բալ ուժգնությամբ ցնցումները զգացվել են Վանաձորում:-0-

