Դամասկոսի հայկական կաթոլիկ դպրոցի գնդակոծման ժամանակ հայ երեխաներ են վիրավորվել. եպիսկոպոս

15.04.2014, 13:47
Դամասկոսի հայկական կաթոլիկ դպրոցի գնդակոծումից տուժածների թվում երեք–չորս հայ կա, որոնցից մեկը ուսուցչուհի է, մնացածը` դպրոցականներ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրել է Դամասկոսի հայկական կաթոլիկ համայնքի ղեկավար, եպիսկոպոս Հովսեփ Առնաուտյանը։
Դամասկոսի հայկական կաթոլիկ դպրոցի գնդակոծման ժամանակ հայ երեխաներ են վիրավորվել. եպիսկոպոս

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Դամասկոսի հայկական կաթոլիկ դպրոցի գնդակոծումից տուժածների թվում երեք–չորս հայ կա, որոնցից մեկը ուսուցչուհի է, մնացածը` դպրոցականներ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրել է Դամասկոսի հայկական կաթոլիկ համայնքի ղեկավար, եպիսկոպոս Հովսեփ Առնաուտյանը։

«Զոհված երեխան 8–9 տարեկան է, նա հայ չէ։ 50 մարդ վիրավոր է, որոնցից հինգն ուսուցիչներ են, մնացածը` դպրոցականներ», – ասել է եպիսկոպոս Առնաուտյանը։

Նրա խոսքերով` արկերը պայթել են այգում դպրոցականների զբոսանքի ժամանակ։

«Այս պահին բոլոր վիրավորները հիվանդանոցում են։ Նրանց ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն։ Սիրիայի կրթության նախարարի հետ միասին այցելել ենք նրանց», – ավելացրել է Սիրիայի հայկական կաթոլիկ համայնքի ղեկավարը։

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով SANA–ին, ահաբեկիչներն ականանետներից գնդակոծել են Դամասկոսում գտնվող երկու դպրոցները, մեկ երեխա զոհվել է, տասնյակ մարդիկ, մեծ մասամբ երեխաներ, վիրավոր են։

Ոստիկանության տվյալներով` ահաբեկիչները գնդակոծել են Բաբ Թումա պատմական թաղամասում և Քաթանայում գտնվող դպրոցները, որտեղ գտնվում է Մար Իլյաս եկեղեցին։ Առաջին գնդակոծման հետևանքով զոհվել է մեկ երեխա, 36 մարդ, առավելապես երեխաներ, վիրավորվել են։ Երկրորդ գրոհի ժամանակ տուժել է հինգ խաղաղ բնակիչ։

Սիրիայում 2011 թ.–ի մարտից շարունակվում է զինված հակամարտությունը, որի հետևանքով, ըստ ՄԱԿ–ի տվյալների, ավելի քան 130 հազար մարդ է զոհվել։ Կառավարական զորքերին դիմակայում են գրոհայինների ջոկատները, որոնք պատկանում են տարբեր զինված խմբավորումների, որոնց թվում գործում են նաև օտարերկրյա վարձու գրոհայիններ։–0–