Ոստիկանությունը քրեական գործ է հարուցել մերձմոսկովյան Սերգիև-Պոսադի մի բնակչի նկատմամբ: Նա դանակարահել է հարազատ եղբորը, որովհետև վերջինը չի ցանկացել վերադառնալ այն կրոնական կազմակերպությունը, որին ավելի վաղ անդամակցել է, հինգշաբթի հայտնում է մարզային ՆԳՆԳՎ-ն:
Ինչպես հստակեցրել է ՌԻԱ Նովոստիի աղբյուրը իրավապահ մարմիններից, եղբայրները «Եհովայի վկաներ» կազմակերպության անդամներ են: Ավանդական եկեղեցիների և մի շարք հետազոտողների կարծիքով, այս կազմակերպությունը տոտալիտար կեղծ քրիստոնեական աղանդ է:
ՆԳՆԳՎ-ի հաղորդագրությունում ասվում է, որ հունվարի կեսերին 19-ամյա երիտասարդը ծեծել և վիրավորել է 17-ամյա եղբորը: Ոստիկանության տվյալներով, երիտասարդը տեգով հարվածել է եղբոր ափին, իսկ այնուհետև դանակով հարվածներ է հասցրել նրա մեջքին:
«Նման վարքի պատճառ է դարձել այն հանգամանքը, որ կրտսեր եղբայրը հրաժարվել է անդամակցել այն կրոնական կազմակերպությանը, որին հարում է չարագործը և նախկինում հարել են նրանց ծնողները»,- ասվում է հաղորդագրության մեջ: Պաշտոնապես ոստիկանությունում կազմակերպության անվանումը չի նշվում:
Դեպքի վայրում զննում անցկացնելու հետո կրոնական գրականություն է առգրավվել: «Տվյալ փաստով փետրվարի մեկին հարուցվել է քրեական գործ դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելու և մահվան սպառնալիքի մասին հոդվածներով»,- հայտնում է ՆԳՆԳՎ-ն: Կասկածյալը քաղաքից չհեռանալու ստորագրություն է տվել:
2004 թվականին Մոսկվայի դատարանը լուծարել է «Եհովայի վկաներ» համայնքը և արգելել նրա գործունեությունը: Համայնքը մեղավոր է ճանաչվել, մասնավորապես, երեխաների հավաքագրման մեջ նրանց կամքին հակառակ, հավատացյալներին ընտանիքներից հեռանալու, նրանց ինքնասպանության դրդելու, բուժօգնությունից կրոնական պատճառներով հրաժարվելու մեջ և այլն:
2010 թվականին Մարդու իրավունքների եվրադատարանն անօրինական է ճանաչել դատարանի այս որոշումը և պարտավորեցրել է Ռուսաստանին 70 հազար եվրո վճարել տուժածներին: -0-