Գյումրի քաղաքի Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի «Մանկավարժություն» ֆակուլտետի դեկան, 1942 թ. ծնված Արտաշես Մ.-ն կասկածվում է կաշառակերության մեջ, տեղեկանում ենք Հայաստանի ոստիկանության կայքից:
Հաղորդագրության համաձայն, կաշառակերության փաստը բացահայտվել է Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր և Շիրակի մարզային վարչությունների ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ: Մի ուսանող ոստիկանությունում հաղորդում է տվել, որ դեկանին տվել է 150.000 դրամ կաշառք:
Կատարված հետաքննության արդյունքում պարզվել է, որ Արտաշես Մ.-ն իրականում 150.000 դրամ կաշառքը ուսանողից վերցրել է նրան առանց քննություններին և ստուգարքներին մասնակցելու դրական գնահատելու համար:
Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալը՝ կաշառք տվողի կամ նրա ներկայացրած անձի օգտին ակնհայտ ապօրինի գործողության կամ անգործության համար՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով):
Կատարվում է նախաքննություն: -0-