Մոսկվայի ռեստորաններից մեկում տեղի ունեցած պայթյունից տուժած երկու հայուհիները, ովքեր ավելի վաղ հրաժարվել էին հիվանդանոց տեղափոխվել, որոշել են բուժում ստանալ, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնել է Ռուսաստանում հայկական դեսպանության ներկայացուցիչը:
Ըստ գործակալության զրուցակցի՝ երկու կանայք՝ 39-ամյա Վիկտորիա և 52-ամյա Սվետլանա Աղաջանովաները, ինչպես նաև հիվանդանոցում գտնվող երեքամյա Նիկա Աղաջանովան Ռուսաստանի քաղաքացիներ են:
Մնացած երեք տուժած հայերի՝ 36-ամյա Սիրանույշ Եղուսյանի, 14-ամյա Ֆելիքս Մկրտչյանի, ինչպես նաև 24-ամյա Ռոման Մարկուսյանի քաղաքացիությունը ճշտվում է:
Մոսկվայի ռեստորաններից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ընդհանուր առմամբ 41 մարդ է տուժել, նրանցից 28-ին տեղափոխել են հիվանդանոց: Տուժածների մոտ կեսը ռեստորանի աշխատակիցներ են:
Ըստ ԱԻՆ տվյալների՝ պայթյունը տեղի է ունեցել երկուշաբթի կեսօրին Նովոչերյոմուշկինսկայա 38 հասցեում գտնվող իտալական ռեստորանում: -0-