Ամերիկյան Արկանզաս նահանգի ոստիկանությունը փնտրում է այն չարագործին, որը ստիպել է 73-ամյա կնոջը բանկ թալանել, երեքշաբթի հաղորդում է Fox հեռուստաընկերությունը:
Ոստիկանության տվյալներով անհայտ տղամարդը գերի է վերցրել տարեց ամուսիններին Ֆեյեթվիլ քաղաքում: Սպառնալով, թե կսպանի, նա ստիպել է Բեթթի Դևիսին բանկ թալանել: Նախնական տվյալներով՝ չարագործը կնոջ ոտքին ինչ-որ սարք է ամրացրել՝ վստահեցնելով, թե դա ռումբ է, որը նա կարող է ցանկացած պահի պայթեցնել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Կինը գնացել է Fayetteville բանկի տեղական մասնաճյուղն ու աշխատակիցների հայտնել, որ իր ոտքին սարք է ամրացված» Դեպքի վայր է ժամանել ոստիկանության սակրավորների խումբը և կնոջ ոտքից հանել պայթուցիկ սարքը:
Կինը հայտնել է ոստիկանությանը, որ անհայտ անձն իր ամուսնուն գերի է պահում իրենց տանը: Նշված հասցեում գտնվող տուն ժամանած ոստիկանները տարեց տղամարդուն կապկպած են գտել: Չարագործը հասցրել է մինչև ոստիկանների գալը փախչել ամուսինների ավտոմեքենայով: Ավելի ուշ ավտոմեքենան հայտնաբերվել է առանց հանցագործի:
Մասնագետները ստուգում են ինքնաշեն սարքը, որից այդքան վախեցել է ամուսնական զույգը:--0-