«Ապավեն համայնքներին» ՀԿ-ն Օքսֆամ (ՄԲ) հայաստանյան գրասենյակի հետ համատեղ կազմակերպված «Ուժեղ երկրաշարժի դեպքում տարհանման և փրկարարական միջոցառումների իրականացում» թեմայով ուսումնավարժանք կանցկացնի Վայոց Ձորի մարզում:
Վարժանքը կանցկացվի Վայոց Ձորի մարզի Արփի (դեկտեմբերի 7) և Չիվա (դեկտեմբերի 9) համայնքներում «Աղետների ռիսկերի մասնակցային նվազեցումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում։
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Oxfam հայկական գրասենյակի մամուլի ծառայությունից, միջոցառումների նպատակն է կատարելագործել աղետների արձագանքման համայնքային խմբի ունակություններն արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպման և իրականացման գործում, աղետների արձագանքման համայնքային խմբի (ԱԱՀԽ), դպրոցի, գյուղապետարանի, մարզային փրկարարական վարչության, մարզպետարանի համագործակցությունը արտակարգ իրավիճակների առաջացման դեպքում:
Միջոցառման նպատակն է նաև բարձրացնել համայնքի իրազեկվածությունը Աղետների արձագանքման համայնքային խմբի դերի և պարտավորությունների մասին, հայտնաբերել համայնքի թույլ կողմերը արտակարգ իրավիճակներին արձագանքման գործում:
Ուսումնավարժանքը կանցկացվի Վայոց Ձորի մարզային իշխանությունների, տեղական ինքնակառավարման մարմինների և մարզային փրկարարական վարչության հետ սերտ համագործակցությամբ ինչպես նաև համայնքների դպրոցների և մարզային ՀԿ-ների ակտիվ մասնակցությամբ:
Ուսումնավարժանքին ներկա կլինեն Արտակարգ իրավիճակների նախարարության, Կրթության և գիտության նախարարության, մարզային իշխանությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև տեղական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։
«Աղետների ռիսկերի մասնակցային նվազեցումը Հայաստանում» ծրագիրն իրականացվում է Օքսֆամ (ՄԲ) հայաստանյան գրասենյակի և «Ապավեն համայնքներին» ՀԿ-ի կողմից Վայոց Ձորի տասը գյուղական համայնքներում: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական հանձնաժողովի մարդասիրական օգնության բաժնի կողմից (DIPECHO): -0-