Կիրակի Թուրքիայում տեղի ունեցած ուժեղ երկաշարժը տիպիկ է տվյալ տարածաշրջանի համար և կարող էր մեղմել տարածաշրջանի սեյսմիկ ակտիվությունը, կարծում է ՀՀ ԳԱԱ երկրաբանության ինստիտուտի գիտաշխատող Րաֆֆի Դուրգարյանը:
Թուրքական հարավ-արևելյան Վան նահանգում տեղի ունեցած երկրաշարժի մագնիտուդը կազմել է 7,2, ստորգետնյա ցնցումն էպիկենտրոնում կազմել է 9-10 բալ: Ըստ իշխանությունների տվյալների՝ քանդվել են ավելի քան 2,6 հազար տներ, զոհվել է 366 մարդ, ևս 1300 մարդ է տուժել:
Հայ սեյսմոլոգների հաղորդագրության համաձայն՝ ցնցումների էպիկենտրոնը գտնվում է Հայաստնի սահմաններից 150-160 կմ հեռավորության վրա: 3-4 բալ ուժգնությամբ երկրաշարժը զգալի է եղել Երևանում և մոտակա բնակավայրերում:
«Հաշվի առնելով Վանի երկրաշարժի ստորգետնյա ցնցումների ուժգնությունն ու հաճախականությունը՝ կարելի է ասել, որ այն կարող էր թուլացնել տարածաշրջանի լարված-դեֆորմացիոն դրությունը»,- երեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում հայտնեց փորձագետը:
Ինչպես ընդգծեց Դուրգարյանը, անհրաժեշտ է պետական մակարդակով միջոցառումներ անցկացնել հնարավոր բնական աղետներին նախապատրաստման, ինչպես նաև նման դեպքերում վարքագծի կանոնների մասին բնակչությանն իրազեկելու ուղղությամբ:
«Պարտադիր չէ, որպեսզի երկրաշարժերն ամեն շաբաթ կրկնվեն, որպեսզի սովորենք մեզ ճիշտ պահել, մենք պետք է գիտակցենք, որ ապրում ենք սեյսմիկ վտանգավոր գոտում և պետք է պատրաստ լինենք նման երևույթներին»,- ասաց փորձագետը:
Վերջին երկու շաբաթվա ընթացքում Հայաստանի տարածքում երկու երկրաշարժ է գրանցվել՝ հոկտեմբերի 14-ին Գառնի քաղաքից 10 կմ դեպի արևմուտք հեռավորության վրա (4-5 բալ ուժգնությամբ) և հոկտեմբերի 19-ին՝ Մասիս քաղաքից 7 կմ դեպի հարավ: -0-