Նախօրեին Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժը ոչ մի վնաս չի հասցրել և չէր կարող հասցնել Հայկական ատոմային էլեկտրակայանին, ասվում է հանրապետության Արտակարգ իրավիճակների նախարարության կայքում տեղադրված հայտարարության մեջ:
Հաղորդագրության համաձայն, հոկտեմբերի 23-ին Վան քաղաքի մոտակայքում տեղի ունեցած երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 9-10 բալ, իսկ Հայկական ատոմային էլեկտրակայանի հեռավորությունն էպիկենտրոնային գոտուց կազմում է մոտ 160 կմ։
«ՀՀ տարածքում երկրաշարժը զգացվել է 3-5 բալ ուժգնությամբ։ Հայկական ԱԷԿ-ում երկրաշարժի ուժգնությունը եղել է 3 բալ, և ատոմակայանին որևէ վնաս չի եղել ու չէր կարող լինել, քանի որ այն հաշվարկված է առնվազն 9 բալ ուժգնության համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ավելին, ԱԻՆ-ից նշեցին, որ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժը ՀՀ տարածքում որևէ բնակավայրի, որևէ շենքի կամ շինության որևէ վնաս չի հասցրել։
Հաղորդագրության մեջ մեջբերում են ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Գագիկ Մարկոսյանի խոսքը, որը հայտնել է, թե երկրաշարժն զգացվել է ընդամենը 2-3 բալ ուժգնությամբ, ինչի մասին նույնիսկ ավելորդ է խոսել:
Բացի այդ, նա տեղեկացրել է, որ Հայկական ատոմակայանը սեպտեմբերի 11-ից կանգնած է պլանային վերանորոգման աշխատանքների։
Ըստ վերջին տվյալների, Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 239-ի: Վիրավորվել է շուրջ 1,3 հազար մարդ:
Կիրակի Վան գավառում 6,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, տեղեկացրել է Բոսֆորի համալսարանի սեյսմոլոգիական աստղադիտարանը: Ստորգետնյա ցնցումը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 13:40-ին, որի էպիկենտրոնը գտնվել է 5 կմ խորության վրա: Իսկ ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնում է, որ երկրաշարժի մագնիտուդը կազմել է 7,6, հաղորդել է «Ռոյթերս» գործակալությունը: Այնուհետև տեղի է ունեցել 5,5 մանգիտուդով հետցնցում: Որոշ շենքեր քանդվել են:
Վան քաղաքը գտնվում է Թուրքիայի հարավ-արևելքում՝ Իրանի հետ սահմանի մոտակայքում: Քաղաքի բնակչության թիվը կազմում է շուրջ 320 հազար մարդ:-0-